Արգենտինահայ իրավաբանն այցելել է Սփյուռքի նախարարություն

17:36, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ընդունեց արգենտինահայ իրավագետ, Կորդոբայի կառավարության և անվտանգության նախարարության իրավաբանական հարցերով խորհրդատու Խուան Պաբլո Սիմոնյանին:

Ողջունելով սփյուռքահայ գործչին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրա ակտիվ, ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայաստանում ներդրումները խթանելու անհրաժեշտությանը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Հայաստանը հզորացնելու համար  կարևոր է հզոր տնտեսություն ունենալը, կարևոր է, որ աշխարհի բոլոր հայերը համախմբվեն համահայկական առաջնահերթությունների շուրջ»: Նախարարն ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Խուան Պաբլո Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, մանրամասնորեն ներկայացրեց հայ համայնքի նորությունները, ձեռքբերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:


© 2009 ARMENPRESS.am