«Դիլիջան» ազգային պարկում» արմատական փոփոխություններ են սպասվում

13:30, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Աբրահամյանին, նշելով, որ արմատապես նոր մոտեցումներ են լինելու. «Ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի կարգապահ և օրենքի սահմաններում, քանի որ աշխատակիցների վարքը և գործադրած ջանքերը մեծ նշանակություն ունեն ապօրինի ծառահատումները կանխելու գործում: Յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ծառ մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ժառանգած բարիքն է, և որ ազգային պարկը կարող է շատ մեծ եկամուտներ ապահովել կողմնակի անտառօգտագործման համակարգեր ներդնելով, ռեկրեացիոն և հանգստի գոտիներ կազմակերպելով: Հիմնական շեշտադրումը լինելու է ազգային պարկի էկոլոգիական արժեքները մարդկանց եկամտի ապահովման աղբյուր դարձնելը: Պետք է աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի իրենց եկամտի աղբյուրը տեսնեն անտառը պահպանելու և ոչ թե ոչնչացնելու մեջ»,- ասել է նախարարը:
Ա. Աբրահամյանն իր ողջույնի խոսքում հորդորել է  «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ յուրաքանչյուր աշխատակից կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ կարողանան հասնել այն արդյունքին, ինչն այսօր դրված է «Դիլիջան» ազգային պարկի առջև:


© 2009 ARMENPRESS.am