Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը

17:21, 24 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաև բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների և խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաև բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները և անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 


© 2009 ARMENPRESS.am