Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարելու հարցը բարձրացվում է ռուս գործընկերների հետ հանդիպումներում. Աշոտյան

15:54, 22 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ամենաբարդ հարցերից մեկն Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտյանը նշեց, որ այդ խնդիրը շարունակաբար բարձրացվում է հայ և ռուս պաշտոնյաների հանդիպումներում՝ լինեն դրանք պաշտոնական, թե ոչ պաշտոնական:

«Ռուսական կողմը դա հիմնավորում է որպես տնտեսական գործիք, ռազմաքաղաքական վիճակը վերահսկելու գործիք, սակայն դրանք համոզիչ չեն»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ շեշտելով, որ խնդրի շուրջ փակ քննարկումներ են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը վնասում է Ռուսաստանին, ուստի այդ հարցը լուծման կարիք ունի: Միաժամանակ պատգամավորը չի ցանկանում այս հարցի շուրջ քննարկումները վերածել «ռեալիթի շոուի», սակայն «հանրությունն այս հարցի շուրջ պետք է տեղեկացված լինի»:

Աշոտյանը շեշտեց նաև, որ ցանկացած երկրի օրակարգից էլ Հայաստանի քաղաքական օրակարգը տարբեր է. «թերևս բացառությամբ Արցախի Հանրապետության»:


© 2009 ARMENPRESS.am