Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր
13:58, 22 Հուլիս, 2017Կալավանի պեղումները ձեռք են բերել միջազգային հնչեղություն, եւ պատահական չէ, որ արշավախմբի կազմում ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների սկզբից մինչ այժմ արշավախմբի կազմում աշխատում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գլաուբերման Ֆիլը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Պեղումներն իրականացվում են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակում են տեղացի 7 բանվոր:
«Մոտակա օրերին բավականաչափ ընդլայնվելու է հնագետների ներկայացուցչական կազմը: Պեղումներին միանալու են 8 երկրների եւս 20-25 հնագետներ: Պեղված նյութերը տեղափոխվելու են համապատասխան հնագիտական լաբորատորիաներ: Պեղումների միջոցով մասնագետները ստույգ պատկերացում կկազմեն Հնագույն Կալավանի կենդանական ու բուսական աշխարհի, կլիմայի, իսկ որ գլխավորն է, այնտեղ բնավորված նախամարդու կենցաղի, սովորույթների, այլ գաղտնիքների մասին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:
Ըստ արշավախմբի անդամ Գլաուբերման Ֆիլի՝ հուշարձանի տարածքում գտնված Նեանդերթալյան մարդու քարե գործիքները պատրաստված են եղել օբսիդիանից, որը բերվել է հնավայրից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գութանասարից: «Սա նշանակում է, որ նախամարդկային հոտերը տեղաշարժվել են հարյուրավոր կիլոմետրերով՝ հոգալով իրենց որսի կամ այլ կենցաղային գործիքներ պատրաստելու խնդիրը, որոնք արել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Կարծում եմ, որ պեղումների ընթացքում մեր արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի էլ ավելի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել եւս, եթե մեզ հաջողվի գտնել անհետացած Նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի եւս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութերի հետ մենք գործ ունենք»,-նշեց Գլաուբերման Ֆիլը:
Հնագիտական պեղումները Կալավանում այս տարի կշարունակվեն մինչեւ օգոստոսի առաջին օրերը: «Հնագիտական տուրիզմը Կալավանում արդեն կայացած երեւույթ է, իսկ նրա զարգացումը նոր թափ է հավաքելու»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am