Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը

16:17, 20 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 20-ին ընդունել է Միացյալ Նահանգներից «Մեր զինվորների հետ» ծրագրով ժամանած Հայ երիտասարդաց դաշնակցություն կազմակերպության մի խումբ անդամների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով ամերիկահայ երիտասարդներին, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց՝ Արցախ այցելելու և սահմանը պաշտպանող զինվորների հետ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը: Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայության ապագան այսօր կանխորոշվում է Արցախի սահմանին, և կարևոր է համահայկական այն ընկալումը, որ այստեղ կանգնած զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ու ողջ Սփյուռքի ազգային արժանապատվությունը:

Այնուհետև Ազգային ժողովի նախագահը ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, Արցախի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:    


© 2009 ARMENPRESS.am