ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը

16:18, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել էր համաձայնագիրը:

2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:

«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցել հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ:

Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա:

Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am