ՀՀ սփյուռքի նախարարն հյուրընկալել է ֆրանսաբնակ գրող Անժելա Սահակյանին

20:06, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան հուլիսի 18-ին ընդունել է ֆրանսաբնակ հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության անդամ, Փարիզի AYP FM հայկական ռադիոյի «Արցախապատում» և «Բաց նամակ՝ ճշմարտության պարտադրանքով» հաղորդաշարերի հեղինակ և մեկնաբան Անժելա Սահակյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում լեզվի և ինքնության պահպանությանն ուղղված գրողի հայանպաստ գործունեությունը, անդրադարձավ նրա հաղորդաշարերում Հայոց ցեղասպանության, Արցախի հերոսամարտի թեմաներին պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտությանը, հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Անժելա Սահակյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինքը ծնունդով Արցախից է, և մոտ օրերս Երևանի Գրողների միությունում և Արցախում տեղի կունենա իր հեղինակած «Ճշմարտության պարտադրանքով» գրքի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը: «Ցեղասպանությունը շարունակվում է Արցախում», - հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am