ՀՀ պաշտպանության նախարարն արդյունավետ և օգտակար է գնահատել Արցախի Նախագահի հետ հանդիպումը

21:41, 17 Հուլիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հուլիսի 17-ին կայացած հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գնահատել է որպես արդյունավետ և օգտակար: Հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպման մանրամասներին ասել է. «Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել: Պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքների շուրջ»:

Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Բակո Սահակյանի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am