Երևանի քաղաքապետարանն առաջարկել է կարճ ժամանակով փակել հորդառատ անձրևներից ջուր կուտակող ճանապարհները

21:27, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքներ և ապահովել են տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագ վերացնեն առաջացած խնդիրը:

«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


© 2009 ARMENPRESS.am