Ժորժ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի 35-րդ քաղաքապետ

21:19, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամյա Ժորժ Կեպենեկյանին հուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենեկյանի թեկնածությունն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, նորընտիր քաղաքապետի օգտին քվեարկել է խորհրդի 70 անդամներից 49-ը:

«Ուժեղ զգացմունքներով եմ այս տեղը թողնում Ձեզ»,- դիմելով Կեպենեկյանին՝ նշել է Լիոնի արդեն նախկին քաղաքապետ Կոլոմը, ով շարունակում է մնալ քաղաքային խորհրդի անդամ:

Կեպենեկյանը մինչ այս զբաղեցնում էր Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ մշակույթի և մշակութային մեծ ձեռնարկների հարցերով:

Կեպենեկյանն օգոստոսի 8-ին կդառնա 68 տարեկան: Նա հայ գաղթականների զավակ է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ-ուրոլոգ: Նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականը:   


© 2009 ARMENPRESS.am