ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախի մարտական հենակետեր

19:49, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:

Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:

 

 


© 2009 ARMENPRESS.am