Բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանվել է հրդեհներից պահպանության խստացված ռեժիմ

18:41, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում  իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում  սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնարարվել է  պետական ոչ առևտրային կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի և շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին և համապատասխան պետական մարմիններին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը միևնույն ժամանակ հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով. զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև  ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

 


© 2009 ARMENPRESS.am