Ծովակ գյուղում օձի խայթոցի դեպք է գրանցվել

17:54, 17 Հուլիս, 2017

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում անցած ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 14-ին, օձը խայթել է 1975 թվականին ծնված տղամարդուն՝ նույն գյուղի բնակիչ Հ. Ա.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, օձից խայթված քաղաքացուն ժամանակին տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, եւ նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:«Խայթող օձը ձագ է, ունի մոտ 20 սանտիմետր երկարություն: Մարդիկ նմանեցնում են գյուրզայի, մի բան, որ անհավանական կարող էր թվալ, քանի որ Գեղարքունիքում գյուրզաների բնակությունը սովորաբար բացառվել է: Փրկարարները օձի անշնչացած մարմինը տեղափոխելու են մայրաքաղաք՝ մասնագետների օգնությամբ հստակեցնելու նրա տեսակը: Ամեն դեպքում, մարզի բուժհաստատություններն ապահովված են անտիգյուրզինով եւ պատրաստ են թունավոր օձերի խայթոցների դեմ արդյունավետ պայքարին»-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am