Իրաքում ստեղծված եզդիական կուսակցությունը աջակցում է Քուրդիստանի հանրաքվեին

16:44, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rudaw լրատվական կայքը:

Նորաստեղծ կուսակցության նախագահ Հայդեր Շաշոն հայտարարել է, որ կուսակցության հիմնադրման հիմնական նպատակը՝ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանումն ու դրանց համար պայքարն է:

Շաշոն հայտնել է, որ եզդիների նորաստեղծ կուսակցության կազմավորումը օրհնվել է Քուրդիստանի երկու հիմնական կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության» կողմից:

Բացի այդ, եզդիների կուսակցության ղեկավարը նշել է, որ Շինգալի և եզդիական մյուս շրջանները պետք է մնան որպես Քուրդիստանի մաս և Էրբիլին կոչ է արել Շինգալն ընդգրկել սեպտեմբերին կայանալիք հանրաքվեում:

Իրաքի եզդիների կողմից կուսակցության առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Դոհուկ քաղաքում, որին մասնակցել է առնվազն 500 եզդի՝ ներկայացնելով ինչպես եզդիական, այնպես էլ Իրաքի այլ փոէրամասնությունների շահերը: Կուսակցության միակ գրասենյակը գտնվում է Սուլեյմանիում:


© 2009 ARMENPRESS.am