Փորձագետը Հայաստանում տնտեսական ակտիվության աճ է կանխատեսում

16:03, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017 թվականին կարող է ունենալ 3.2 տոկոսից բարձր տնտեսական ակտիվության աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիքի հայտնեց տնտեսական փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Եթե 2017 թվականին տեղի չունենան բացասական անկանխատեսելի  երևույթներ,  Հայաստանը կունենա 3.2 տոկոսից բարձր տնտեսական ակտիվության աճ»,- ասաց Մանուկյանը: Ըստ նրա` դա պայմանավորված է  արտահանման աճի, ինչպես նաև արտահանվող ապրանքների միջին գնի բարձրացման հետ:

«Ըստ վիճակագրության՝ Հայաստանը  թե արտահանման, թե ներմուծման, թե ապրանքաշրջանառության աճ է  գրանցել: Հիմնական աճի միտումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության շուկա մուտք գործելու հետ: Սույն թվականի հունվար-մայիսի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանակներում մոտ 24 տոկոս աճ է գրանցել»,- նշեց Մանուկյանը:

Սակայն, ըստ տնտեսական փորձագետի, Հայաստանը չի կարող անընդհատ տնտեսական ակտիվության աճ ապահովել, եթե երկրում ներդրողների համար բարենպաստ պայմաններ չստեղծվեն և աշխարհում փոփոխությունների հետ պայմանավորված` տեխնոլոգիական ոլորտում հետևողական քայլեր չկատարվեն:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am