Արցախի վարչապետը Ասկերանում ներկա է գտնվել Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի ցուցադրության փակման արարողությանը

15:58, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում ներկա է գտնվել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակային ֆիլմերի եռօրյա ցուցադրության փակման արարողությանը, որի ժամանակ ներկայացվել է «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը հատկապես հանրապետության շրջաններում, որտեղ մշակութային կյանքի աշխուժացման խնդիր կա: Վարչապետը բարձր է գնահատել կինոռեժիսորի նախաձեռնությունը և այն միջազգային նախագծի վերածելու ուղղությամբ կատարվող ջանքերը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին իր հեղինակային ֆիլմերի ցուցադրության փակման արարողությանը ներկա գտնվելու համար՝ շեշտադրելով, որ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ծրագրի նպատակն է Արցախը միջազգային կինոշուկայում ավելի ճանաչելի դարձնելը:

 


© 2009 ARMENPRESS.am