Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը
13:27, 17 Հուլիս, 2017ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է EurAsia Daily-ն:
Դեսպանի խոսքով՝ Իսրայելը ցանկանում է դառնալ արտահանող երկիր և «կապույտ վառելիք» վաճառել Եվրոպա:
«Ներկայում մենք ունենք երկու հնարավորություն՝ Կիպրոսի ու Հունաստանի, ինչպես նաև Թուրքիայի և TANAP-ի միջնորդությամբ: Այս պահին դիտարկում ենք բոլոր այդ հնարավոր տարբերակները»,- նշել է դեսպանը:
TANAP խողովակաշարը կանցկացվի վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանը, և նախատեսում է ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա: Տեղափոխվող գազի սկզբնական ծավալը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից միայն 6 միլիարդն է օգտագործվելու Թուրքիայում, իսկ մնացածը տեղափոխվելու է Եվրոպա:
© 2009 ARMENPRESS.am