Վահան Մարտիրոսյանն առաջարկել է մշակել ավտոկայարանների զարգացման ծրագիր

13:08, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։  Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Տնօրենը նշեց, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների,  քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել  ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի  նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։  Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։ 

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ ևս նախարարը հանձնարարեց դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին երթուղային ցանցին և ճանապարհների  բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։


© 2009 ARMENPRESS.am