Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը կայուն աճ է արձանագրում. զեկույց

12:15, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը կայուն աճ է արձանագրում և բարձր է համաշխարհային միջինից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում: 

«Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը, որն աշխարհում կենսամակարդակի չափման ուղղակի ցուցանիշներից է, բարձր է համաշխարհային միջինից: Փոքրածավալ, բայց շարունակական բարելավումների շնորհիվ Հայաստանում կյանքի տևողությունը գերազանցում է 74 տարին` սկսած այս տասնամյակի սկզբից: 2015 թվականի տվյալներով` այն կազմում է 74.8 տարի»,- ասված է զեկույցում:

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գնահատականների` ակնկալվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանում կյանքի տևողությունն աճի միտում կունենա: Այսպիսով, դարավերջին աշխատանքային տարիքի բնակչության (15-64) համամասնությունը կնվազի` ներկայիս 69%-ից հասնելով շուրջ 57%-ի:

 


© 2009 ARMENPRESS.am