Վարչապետն ընդունել է Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագիր նախաձեռնած ընկերությունների ներկայացուցիչներին

11:42, 15 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին:  Հուլիսի 14-ին IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը ողջունել և կարևորել է մեր երկրում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրի նախաձեռնումը և հավաստիացրել, որ ի դեմս կառավարության՝ իտալական ընկերությունը և ընդհանրապես արտասահմանյան ներդրողներն ունեն հուսալի գործընկեր:

IDS ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին աջակցության պատրաստակամության համար և բարձր գնահատել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից համագործակցություն սկսելու ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքը: Ընդգծելով, որ Հայաստանում գիտահետազոտական ոլորտում գործունեություն ծավալելու լավ հիմքեր կան՝ Ալբերիկո Պարենտեն նշել է, որ սկզբնական շրջանում ընկերությունը նախատեսում է ներդրումներ անել ֆորենզիկ ոլորտում, բայց միայն այդ ոլորտով չի սահմանափակվելու:

Վահան Շաքարյանը և Ալբերիկո Պարենտեն Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացրել ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագիրը կիրականացվի 5 տարում, և ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական ﬕջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի շրջանակում երկկողմ գործարար կապերի հաստատման ու կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում:


© 2009 ARMENPRESS.am