Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

17:25, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:

Դեսպանը դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին, որպեսզի խոչընդոտվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Բուլղարիայի մասնաճյուղի կողմից միջոցառման կազմակերպումը, որը առաջացրել է բուլղարացի պաշտոնյաների տարակուսանքն ու զարմանքը, քանի որ այդ կերպ դեսպանը փորձ է արել խառնվել այդ երկրի ներքին գործերին, չէ որ AGBU-ն ծավալում է օրինական գործունեություն և նրա անդամները Բուլղարիայի քաղաքացիներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության վրա, 2017թ. մայիսին տեղի ունեցած նամակագրությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

Ադրբեջանի ԱԳՆ ուղարկված հերթական զեկուցագրերից մեկում Գուրբանովան տեղեկացնում է, որ Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի հետ 2017-ի մայիսի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղը 2017թ. հունիսի 20-ին  ժամը 17:30-ին ՍոՖիայի Հայկական հանրային տանը կազմակերպում է  «Հայացք Ղարաբաղին- պատմություն և լուսանկարներ» միջոցառումը: Նա դժգոհել է այն փաստից, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Պլովդիվի երիտասարդական կազմակերպության նախագահ, Պլովդիվում բնակվող և Արցախ այցելած Բուլղարիայի քաղաքացի Հայկ Կարապետյանը:

«Միջոցառման ժամանակ Հայկ Կարապետյանը կիսվելու է Ղարաբաղ կատարած այցից ունեցած տպավորություններով: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Կարապետյանը հանդիսանում է Պլովդիվի մարզպետարանին կից ազգային և ինտեգրման հարցերով  զբաղվող խորհրդի անդամ»,- նշել է Գուրբանովան բուլղարացի նախարարի հետ հանդիպմանը:

Գուրբանովան դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին` միջնորդելու, որպեսզի բուլղարական կառավարությունը չեղարկի միջոցառումը:

Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարը լսել է Ադրբեջանի դեսպանին և կոնկրետ դիրքորոշում չհայտնելով`  խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտ քայլեր իրականացնել (Գուրբանովայի՝ մարդու իրավունքներին հակասող արարքների միջոցով Բուլղարիայի հայերի գործողությունները սահմանափակելու ձգտումը, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս մնացել է անարդյունք):

Այսպիսով, Գուրբանովան այնքան է կտրվում իրականությունից, որ համարձակվում է դիմել Բուլղարիայի կառավարությանը սեփական քաղաքացու՝ օրենքին համապատասխան գործողությունները սահմանափակելու խնդրանքով: Միթե Գուրբանովան, հանդիսանալով դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, մոռացել է մի կարևոր հանգամանք. դիվանագիտական ներկայացուցչությունը իրավունք չունի միջամտելու նստավայր երկրի ներքին գործերին, մասնավորապես նստավայր երկրի կառավարության և սեփական քաղաքացու փոխհարաբերություններին:

Բուլղարիայի Հայ համայնքն ունի բազմամյա պատմություն, այն կազմված է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներից (Ցեղասպանությունից առաջ և դրա հետևանքով Բուլղարիայում հաստատված հայեր), այնպես էլ`  Հայաստանի Հանրապետությունից Բուլղարիա տեղափոխված հայերից:

«Արմենպրես»-ը կապ կհաստատի Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որքանով են ադրբեջանական դեսպանության գործողություններն անդրադառնում կառույցի գործունեության վրա:

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան


© 2009 ARMENPRESS.am