Թուրքիայի կառավարությունը կառաջարկի արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով

17:05, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ առաջարկելու է երկրում արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Արտակարգ դրության ժամկետը հուլիսի 19-ին լրանում է: Մենք՝ կառավարությունը սկզբունքայնորեն առաջարկելու է Ազգային անվտանգության խորհրդին երկարաձգել արտակարգ ռեժիմը»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ հուլիսի 17-ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում լինելու է արտակարգ ռեժիմի երկարաձգման հարցը:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:


© 2009 ARMENPRESS.am