Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրն է արտացոլված «Տատրակի բույնը» ժապավենում

12:48, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում ներառվել է ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը, որում ներկայացված են արտերկրում աշխատանքի մեկնած ուկրաինուհիների պատմությունները: Կինոնկարի մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Նկարահանման ընթացքում դժբախտ դեպք տեղի ունեցավ. մահացավ գլխավոր հերոսներից մեկի դերակատարը: Հավանաբար, նա նկարահանումներից տուն վերադառնալիս է եղել, և նրան մահացած են գտել փողոցում: Պատճառները դեռ հայտնի չեն: Մենք ստիպված եղանք փոխել սցենարը: Կարծում եմ, որ այն վերջաբանը, որը հիմա ունենք, ավելի հետաքրքիր է»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Տարաս Տկաչենկոն:

Խոսելով կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատարի` Ռիմմա Զյուբինայի մասին, ռեժիսորն ասաց, որ նա հայտնի է, սակայն այնպես չէ, որ չափազանց զբաղված է: «Անգամ կարծում եմ, որ նրան քիչ են հրավիրում ֆիլմերում նկարահանվելու: Զյուբինայի համար մեր ժապավենում հանդես գալը նոր փորձ էր: Ռիմման թատրոնում խոր դերեր ունի, իսկ ֆիլմերում` թեթև: Կարողացա նրան այլ տեսանկյունից ներկայացնել ու, կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց»,-շեշտեց ռեժիսորը:

Տկաչենկոն ընդգծեց, որ ֆիլմում կան հերոսներ, որոնք դեռ մտածում են հայրենիք վերադառնալու մասին,  կան հերոսներ, որոնք մերժում են հայրենիքը, չեն ուզում լսել նրա մասին, քանի որ այն ցավ է պատճառում:

Այս պատմության մեջ արտացոլված է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝  նրանց, ովքեր ստիպված են արտերկրյա աշխատանքի մեկնել, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ընտանիքների համար: Բայց ֆինանսական ձեռքբերումների կողքին կորուստներն անձնական հարաբերություններում կարող են ավելի թանկ արժենալ:  Ուկրաինուհի Դարինկան Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն: Նա Իտալիա էր մեկնել Արևելյան Կարպատների Բուկովինա շրջանում իր աշխատանքով ապրող ընտանիքին նեցուկ կանգնելու համար: Իսկ աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի և նրա ծեր մորը խնամելն էր: Սա միայնակ գոյություն է՝  լիովին կախված  գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ գործը շուրջօրյա է: Փողը Դարինկայի ընտանիքին հնարավորություն է տալիս խուսափել ծանր աղքատությունից: Այդ գումարով նրանք Կարպատյան լեռներ եկող զբոսաշրջիկների համար հյուրատուն են կառուցում: Շինարարությունը ամուսինն է անում, բայց անփույթ ու դանդաղ: Եվ մինչ Դարինկան արտասահմանում փող էր վաստակում, ընտանիքը...

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


© 2009 ARMENPRESS.am