Ցանկանում եմ իմ կինը դառնաս. ապագա բժիշկն իր ընտրյալին ամուսնության անակնկալ առաջարկ արեց դիպլոմն ստանալու պահին

10:56, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունն առանձնացավ հետաքրքիր անակնկալով: Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ կարմիր դիպլոմներ էր հանձնում գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին, երբ նրանցից  Տիգրան Գևորգյանը որոշեց անակնկալ մատուցել իր սիրելիին: Նա հրապարակային ամուսնության առաջարկություն արեց ընկերուհուն` Լիլիթին:

Նրան հրավիրեց հարթակ, որտեղ հանձվում էին դիպլոմները:

«Ուզում եմ բոլորի ներկայությամբ ասել, որ սիրում եմ քեզ և ցանկանում եմ իմ կինը դառնաս»,-ասաց Տիգրան Գևորգյանը:

Նման անակնկալ մատուցելու որոշումը Տիգրանը կայացրել էր վերջին պահին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ անակնկալի մասին շատ քիչ մարդ գիտեր:

«Միջոցառման մեկնարկից առաջ եմ որոշել նման անակնկալ մատուցել: Լիլիթը, բնականաբար, տեղյակ չէր: Անակնկալից հետո զրուցել ենք, ճիշտն ասած՝ կիսաշոկային վիճակում էր (ծիծաղում է)»,-ասաց Տիգրանը:

Տիգրանն ու Լիլիթը ծանոթացել են համալսարանում սովորելու տարիներին: Արդեն երկար ժամանակ է ընկերություն են անում: Մեր այն հարցին, թե ամուսնության առաջարկին ինչպիսի պատասխան տվեց Լիլիթը, Տիգրանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ նրա դրական պատասխանը վաղուց կար, պարզապես, այդ օրը որոշեցի հիշարժան դարձնել նրա համար»:

Այս տարի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտում է 968 շրջանավարտ, որոնց թվում կան աշխարհի 10 երկրներից 246 ներկայացուցիչներ և 52 գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ:


© 2009 ARMENPRESS.am