Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

09:49, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու ամուր հիմքեր կան:

 Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար և նախարարի հետ քննարկել քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:


© 2009 ARMENPRESS.am