Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Հրանուշ Հակոբյանն այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարան

16:51, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում  ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ հուլիսի 10-ին, այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով վարժարանի ուսուցչական անձնակազմին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սփյուռքում նման հիմնավոր կրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել մրցունակ կրթություն ապահովելու, հայեցի դաստիարակության և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին: Նախարարը նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում մեծ է ուսուցչական անձնակազմի դերակատարությունը: Նա ընդգծել է ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստում անցնելու և փորձի փոխանակում իրականացնելու կարևորությունը: Սփյուռքի նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայերն աշխարհին ապացուցել են՝ որտեղ էլ ապրեն, նպաստելու են այդ երկրի զագացմանը: Լիբանանը դրա լավագույն օրինակն է: Ուրախ եմ, որ այսպիսի հզոր դպրոց է ստեղծվել Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում: Սա մեծ նվեր է ոչ միայն լիբանանահայության, այլև համայն հայության համար»:

Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով  Սփյուռքի նախարարին կրթօջախ կատարած անդրանիկ այցի համար, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման համար: Թալին Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, մշակել և իրականացնել ծրագրեր հատկապես կրթական-ուսումնական ոլորտում, կազմակերպել փորձի փոխանակում, ապահովել նոր սերնդի հայեցի դաստիարակությունը:

Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ հայր Շահե Փանոսյանը կարևորել է Հրանուշ Հակոբյանի այցը Ազգային միացյալ վարժարան և նշել է. «Հայությունն ապրել և ապրում է իր եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կետրոններով և կառույցներով:  Եվ պիտի շարունակի ապրել, քանի որ երազներ և իդեալներ ունեցող ժողովուդ է: Մաղթենք, որ Ազգային միացյալ վարժարանը առաջնորդվի Միացյալ Հայաստանի տեսլականով»:

ՀՀ սփյուռքի նախարարի՝ Վարժարան կատարած անդրանիկ այցի առթիվ Հայոց թեմի առաջնորդը նրան հանձնեց խորհրդանշական հուշանվեր:


© 2009 ARMENPRESS.am