Սուրեն Մանուկյանն ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ

11:51, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի Քուինսլենդի համալսարանում մեկնարկած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 13-րդ կոնգրեսում կայացել են ղեկավարության ընտրությունները: ՑՄԸ նախագահ է ընտրվել Հենրի Թերյոն (ԱՄՆ, Վուսթերի պետական համալսարան), փոխնախագահներ` Ադամ Մյուլլերը (Կանադա, Մանիթոբայի համալսարան) եւ Մելանի Օ՝Բրայենը (Ավստրալիա, Քուինսլենդի համալսարան), խորհրդի անդամներ՝ Հոլլի Բրեհմը (ԱՄՆ, Օհայոյի Պետական համալսարան), Սառա Բրաունը (ԱՄՆ, Շոա հիմնադրամ), Հիլարի Էրլը (Կանադա, Նիպիսսինգ համալսարան), Քրիսթիան Գուդեհուզը (Գերմանիա, Ռուհր-Բոհումի համալսարան), Սուրեն Մանուկյանը (Հայաստան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ) և Էնդրյու Վուլֆորդը (Կանադա, Մանիթոբայի համալսարան): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1994-ին եւ ցեղասպանագետներին միավորող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: 2015 թ. հուլիսի 8-ից 12-ը ՀՑԹԻ-ն Երևանում հյուրընկալեց ընկերակցության երկամյա, 12-րդ գիտաժողովը: 


© 2009 ARMENPRESS.am