Քաղաքագետն Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը պայմանավորում է բուլղարական մամուլի հոդվածով և G20-ի հանդիպումներով

21:31, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական սահմանագծում իրավիճակի սրումն Ադրբեջանի կողմից պայմանավորված է բուլղարական մամուլում հրապարակված սկանադալային հոդվածից ուշադրությունը շեղելու և Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաողովի հանդիպումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Ադրբեջանի այս քայլերը կանխատեսելի էին, քանի որ լինում են իրադարձություններ, որոնց պարագայում սպասելի են նման գործողությունները: Դա պայմանավորված է բուլղարական մամուլում հրապարակված հոդվածով, որով Ադրբեջանը փաստացի մեղադրվում է ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ և G20-ի գագաթնաժողովի հանդիպումներով՝ ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության վրա սևեռելու նպատակով, այն պարագայում, երբ համաշխարհային երկու գերտերություններն ու Ֆրանսիան այդ խնդրի կարգավորման անմիջական մասնակիցներն են»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետն ընդգծեց նաև Ադրբեջանի ցինիկ վարքագիծը, որով վերջինս ռազմական կրակակետերը տեղակայում է քաղաքացիական բնակատեղիում, ինչը, նրա խոսքով, հիշեցնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քաղաքականությունը: «Այդպիսով Ադրբեջանը վտանգում է սեփական քաղաքացիների կյանքը և նման գործունեությամբ փորձում պատասխանատվությունը բարդել նրա վրա, ով իրականում մեղավոր չէ: Ադրբեջանցի քաղաքացիական անձանց զոհվելու մեղքը այդ երկրի վարչակարգինն է»,- ընդգծեց Ալեքսանդր Մարգարովը:        


© 2009 ARMENPRESS.am