Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը խոստովանել է ադրբեջանական դիվանագիտության տապալումը

19:02, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը խոստովանել է, որ համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը, հստակ երևում է, թե ինչ սխալներ է թույլ տվել ու ինչ ակնհայտ տապալումներ ունի ադրբեջանական կողմը միջազգային հանրության հետ հարաբերություններ կառուցելիս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարն այս մասին հայտարարել է ադրբեջանական իշխանությունների հետ սերտորեն կապված լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով սահմանին ստեղծված վերջին իրադարձություններն ու լարվածության աճը՝ նա նշել է, որ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների հետ շփվելիս մի շարք սխալներ է թույլ տալիս՝ ի տարբերություն Հայաստանի արդյունավետ արտաքին քաղաքականության:

«Այդ արդյունավետության հիմնական խթանն է Հայաստանի կողմից իրականացվող ակտիվ արտաքին քաղաքականության, ռազմական մարտավարություն ու քաղաքական ռազմավարության ճիշտ համադրումը: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմն իր արտաքին քաղաքական ռազմավարության մեջ պետք է անհապաղ բարեփոխումներ իրականացնի, հակառակ դեպքում կշարունակի արտաքին քաղաքականության մեջ տապալվել: Այսպես այլևս չի կարող շարունակվել»,- նշել է նա:

Հուլիսի 4-ի լարվածության աճի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«
Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է», - նշված էր համանախագահների հայտարարության մեջ:      


© 2009 ARMENPRESS.am