Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանն իրենց ներկայացրած վերջնագրին

11:36, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արաբական երկրները հայտնել են, որ պատասխանը կհրապարակեն իր ժամանակին:

Նախորդ շաբաթ լրացել էր հավելյալ 48 ժամը, որն այդ երկրները որպես վերջնաժամկետ ներկայացրել էին Կատարին իրենց պահանջները կատարելու համար: Դոհան ներկայացված պահանջներն անիրական էր անվանել:

«Այնտեղ խոսք է գնում ոչ թե ահաբեկչության, այլ ԶԼՄ-ների անկախության սահմանափակման, ինքնիշխանության խախտման և ներքին գործերին միջամտության մասին»,- նշել է Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման ալ-Տանին:

Կատարի հետ հարաբերությունները խզած չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսն ավելի վաղ համաձայնել էին երկարացնել Դոհային տված վերջնաժամկետը 48 ժամով: Նրանց ներկայացրած վերջնագիրը պարունակում է 13 պահանջ, որոնցում ներառված են՝ դիվանագիտական ու ռազմական հարաբերությունների մակարդակի իջեցում Իրանի հետ, թուրքական ռազմական բազայի փակում, ահաբեկչական խմբավորումներին տրամադրվող ֆինանսավորման դադարեցում, արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց հրաժարում, ինչպես նաև Al-Jazeera արբանյակային ողջ հեռուստացանցի փակում:


© 2009 ARMENPRESS.am