Մեր օրակարգում 2018թ. կառավարության փոփոխության հարց ներկայումս չկա. Շարմազանով

16:28, 4 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնը 2018թ. կզբաղեցնի նա, ում կընտրի խորհրդարանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: Անկախ վարչապետի անձից՝ դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց  նա:

Հարցին, թե ո՞ւմ կցանկանար վարչապետի պաշտոնում տեսնել,  Շարմազանովը պատասխանեց. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, նախկինում ևս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ օրը կգա բարին հետը: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի Կառավարության փոփոխության հարց չկա»:


© 2009 ARMENPRESS.am