Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի ՀԽ-ն քննարկեց նվիրաբերությունների հավաքագրման նոր հայեցակարգային մոտեցումները

17:46, 3 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվեցին նվիրաբերությունների հավաքագրման նոր հայեցակարգային մոտեցումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկեց տարին մեկ կազմակերպել համերգ որոշակի թեմայով, ուղղվածությամբ ու կոչով, որը, բացի մշակութային միջոցառման նշանակություն ունենալուց, նպատակ կունենա նաև Հիմնադրամի գործունեությունը հանրությանը հասու դարձնել:

«Նախնական քննարկել ենք նաև մի քանի կազմակերպությունների կողմից` Հիմնադրամի լոգոն թողարկելու առաջարկները: Մասնավորապես` այդ լոգոն կարող է փակցվել տվյալ կազմակերպության ապրանքանիշին: Սպառողը գնելով ապրանքը` լոգոյի վրա փակցված գումարը փոխանում է Հիմնադրամին: Այստեղ միակ մտահոգությունն այն է, որ այդ կազմակերպությունները լինեն հեղինակավոր, ապրանքները հասարակության կողմից սիրված լինեն, որպեսզի Հիմնադրամի վրա բացասական ազդեցություն չունենա»,- ասաց Ավետիքյանը: 

Նա նաև նշեց, որ սփյուռքի ներկայացուցիչների հետ զրույցի արդյունքում առաջարկներ են եղել, որպեսզի եկեղեցիներում հանգանակությունների արկղեր տեղադրվեն: Ավետիքյանի խոսքով` այդ ուղղությամբ քննարկումներ պետք է ունենան Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ինչպես նաև առաջարկություն է հնչել, որպեսզի սփյուռքի հայ համայնքներում ներկայացվեն Հիմնադրամի գործունեությունը և հնարավորություն լինի պատասխանելու մարդկանց հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` ապրանքների վրա պիտակներ փակցնելու առումով վարչարարության խնդիր կա:

«Սփյուռքի եկեղեցիներում նվիրաբերություններ կատարելու հարցում` կարծում եմ, շատ վաղաժամ է, քանի որ մենք դեռ չենք քննարկել այդ գաղափարը կաթողիկոսի հետ: Այդ առումով հարկավոր է զգուշավոր լինել, իսկ համերգներ կազմակերպելը շատ լավ գաղափար է»,- ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am