Մինչև տարեվերջ կառավարությունը կասեցնում է տնտեսավարողների մոտ ստուգումները

12:37, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգում է մինչ տարեվերջ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գործադիրի հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:

«ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները: Հաշվի առնելով ՀՀ-ում տեսչական բարեփոխումների շրջանակում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսավարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում են կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից: Ըստ վարչապետի, ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսավարող սուբյեկտների վրա։

 Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին։


© 2009 ARMENPRESS.am