Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը

19:58, 28 Հունիս, 2017
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով հունիսի 28-ին Շիրակի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այցի շրջանակներում, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մասնակցությամբ, մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզպետարանի պատասխանատուների, համայնքապետերի, ոլորտի ներկայացուցիչների հետ: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անդրադարձավ գյուղատնտեսության բնագավառում տեղեկատվության թվայնացմանը, ընդգծելով, որ տվյալների թվային միասնական բազայի ստեղծումը կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը: Նախարարն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ապահովագրման խնդրին: «Ապահովագրական համակարգի ներդրումը ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է և անհրաժեշտ է, որ գյուղացին ստանա փոխհատուցում կրած վնասի համար: Այս պարագայում, ապահովագրական ընկերությունները պետք է կարողանան նորմալ գործունեություն ծավալել»,-նշեց նախարարը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև գյուղատնտեսական վարկերի, դրանց տոկոսադրույքների իջեցման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, սերմացուների, բերքի մթերման ու այլ հիմնախնդիրների վերաբերյալ խնդիրներ:

Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարարը համայնքապետերին ու ֆերմերներին ներկայացրեց նոր ներդրումային ծրագիր, որի մանրամասներ Իգնատի Առաքելյանը խոստացել է ներկայացնել առաջիկա օրերին, մինչ այդ ներդրողն անձամբ ներկայացրել է որոշակի մանրամասներ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am