ՄԻՊ գրասենյակում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների մեծ մասը եղել են ոստիկանների դեմ

16:59, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 2016թ.  մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների մեծ մասը եղել են ոստիկանների գործողություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այն, որ բողոքների մեծ մասը ոստիկանների դեմ են, չի նշանակում, որ ոստիկաններն ամենաշատն են խախտում մարդու իրավունքները, սակայն դա վկայում է այն մասին, որ այստեղ մարդու իրավունքների խախտումների ռիսկն ավելի մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Թաթոյանը:

Նա հավելեց, որ ստիկանների դեմ բողոքների մեծ մասը կապված է այն դեպքերի հետ, երբ մարդը փողոցից տարվում է ոստիկանության բաժին, որովհետև հենց այդ փուլն է, որ վտանգավոր է անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման, ինչպես նաև հետագայում հնարավոր ապօրինի ազատազարկման կանխման տեսանկյունից: «Դրա համար մենք նախապատրաստել ենք նախագիծ և արդեն պաշտոնական շրջանառության մեջ ենք դրել, որն ուղղված է փաստաբանների աշխատանքի ուժեղացմանը: Առաջարկում ենք նոր հանցակազմեր սահմանել, եթե դրանք հատուկ դրսևորվել են ազատազարկման վայր, քրեակատարողական հիմնարկ կամ մեկ այլ վայր փաստաբանների մուտքն արգելելով»,- եզրափակեց Թաթոյանը:


© 2009 ARMENPRESS.am