«ԲՐԵՎԻՍ». «Այ Փի Էս ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը նոր անուն և հավակնոտ ծրագրեր ունի

16:47, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գործող «Այ Փի Էս ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը հանդես է գալիս նոր «ԲՐԵՎԻՍ» ապրանքանիշով` ընդլայնելով իր գործունեությունը: Այն ծրագրեր է իրականացնում՝ թե հայաստանյան, թե միջազգային կազմակերպությունների հետ համատեղ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ինստիտուտ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերին: Նախագահի այցի շրջանակում ստորագրվել է փոխգործակցության հուշագիր ՀՀ պաշտպանության նախարարության և «Այ Փի Էս Սի» ընկերության միջև: Հուշագրի ստորագրմամբ ազդարարվում է «Դիտակետ» ծրագրի մեկնարկը:

Լրագրողների հետ զրույցում ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Լիլիթ Գևորգյանը նշեց, որ ծրագրի շրջանակում կուսումնասիրվի բանակում առկա իրավիճակը` զորացրված զինծառայողների կարծիքի ուսումնասիրման միջոցով:

«Հետազոտությունը կիրականացվի զորացրումից հետո մեկից երեք ամիսների ընթացքում: Հարցվողները խոսելու են անկախ փորձագետների հետ: Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել իրական խնդիրները, որոնք այսօր կան բանակում: Հարցազրույցները լինելու են դեմ առ դեմ, զորացրված զինվորների  բնակավայրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լիլիթ Գևորգյանը: Մշակվել է ծրագրային ապահովման հատուկ տարբերակ, ըստ որի, հարցազրույցներն իրականացվելու են պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս տվյալներն անմիջապես տեղափոխել կենտրոնական շտեմարան: Հարցաշարը հաստատվելու է ՊՆ-ի հետ միասին:

[gallery id= 59220]

Դաշտային աշխատանքները սկսվելու են զինվորների զորացրումից մեկից երեք ամսվա ընթացքում, առաջին փուլը տեղի է ունենալու այս տարվա հուլիսին:

«Մենք մեր կողմից ապահովում ենք հարցազրույցների անանունությունը: Պատասխանները, վերլուծությունից հետո, ՊՆ-ին տրամադրվելու են ընդհանրական տվյալների տեսքով: Հետազոտության առանձնահատկությունն այն է, որ մասնագետները պատրաստվում են հարցում իրականացրել ամբողջական ընտրանքով, ոչ թե ներկայացուցչական»,-ասաց Լիլիթ Գևորգյանը:

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը գործում է  2006 թվականից և 11 տարվա ընթացքում իրականացրել է 300-ից ավելի ծրագրեր պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային հեռահաղորդակցության և այլ ոլորտներում: Ներկայում ընկերությունն ունի ավելի քան 130 աշխատակից, ընդ որում, ընկերությունում մեծ է եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած և Հայաստան վերադարձած մասնագետների թիվը:

«Այսօր ունենք միջազգային չափանիշներին համապատասխան գրասենյակ: Մենք ներդրել ենք մի շարք հետազոտական նորարական մոտեցումներ: Առաջիններից մեկն ենք տարածաշրջանում, որ անցում է կատարել էլեկտրոնային տեխնոլոգիաների  հարցումներին` թղթային տարբերակը փոխարինելով պլանշետային տարբերակների»,-ասաց «Այ Փի Էս Սի» ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ ծրագրային ապահովումը իրականացվել է Հայաստանում և հայ մասնագետների կողմից : Տեղեկատվության անվտանգության ապահովումը սկզբունքայնորեն կարևոր է ընկերության համար և հայ մասնագետներն այդ հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերում:


© 2009 ARMENPRESS.am