Վերականգնվող էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող հողերի սակագները նվազեցվելու են

16:10, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ  էներգետիկ   ենթակառուցվածքների և բնական  պաշարների նախարարությունը մշակում է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որի նպատակն է սահմանել վերականգնվող էներգիայի արտադրության նպատակով օգտագործվող հողերի  գնային քաղաքականությունը, ինչպես նաև հեշտացնել այդ հողերի ձեռքբերման գործընթացները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին Գերմանա-հայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպվող սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ  ենթակառուցվածքների  և  բնական  պաշարների  նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Հուսով եմ, որ ներկայումս պատրաստվող բարեփոխումների փաթեթին Ազգային Ժողովը հավանության կտա. այն կապված է հողի կատեգորիայի փոփոխության հետ: Ներկայումս  արևային և հողմային էներգիայի կայանների կառուցման նպատակով հող ձեռք բերելը բավականին երկարաժամկետ և որոշ վայրերում թանկարժեք գործընթաց է»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` նախկինում օրենսդրությամբ հաշվի չէր առնվել, որ մեծ  ծավալի վերականգնվող էներգիայի աղբյուրներ ի հայտ կգան, որոնք մեծաքանակ հողատարածքներ են պահանջում:

« Ներդրողների կողմից բարձրացված խնդիրների թվում այս հարցը կարևորագույններից մեկն է: Մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որպեսզի այդ հարցին լուծում տրվի»,- եզրափակեց Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am