ՀՀ ԱԻՆ-ը կատարելագործում է ճառագայթային, քիմիական և կենսաբանական դեպքերին արձագանքման կարողությունները

21:57, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից՝ «Հարավարևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայում Ճառագայթային, քիմիական, կենսաբանական (ՃՔԿ) դեպքերի արձագանքման կարողությունների և տարածաշրջանային համագործակցության ուժեղացման» թիվ 44 ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն են տրամադրվել մասնագիտացված գույք-սարքավորումներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այդ ծրագրի շրջանակներում նախատեսված է Հայաստանի 3 մարզերում՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի, ստեղծել ՃՔԿ դեպքերի արձագանքման խմբեր, ինչպես նաև՝ անցկացնել մասնագիտացված դասընթացներ և տրամադրված գույք-սարքավորումները բաշխել այդ խմբերին:

Հունիսի 26-ից Լոռու մարզում ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի կողմից մեկնարկել են այդ դասընթացները, որոնք ներառում են ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական փուլեր: Հնգօրյա դասընթացի ժամանակ ստեղծվող թիմի անդամներն ուսումնասիրում են ՃՔԿ մասնագիտացված գույքը և դրանց կիրառման հմտությունները: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր»:


© 2009 ARMENPRESS.am