Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում շարունակելու համար կհատկացվեն նոր միջոցներ

20:15, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարությունը Պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 29-ի նիստի օրակարգում:

Ընթացիկ տարվա մարտին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն, Ռ. Սահակյանի բուժման և վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ՌԴ ռուբլի, որի հիման վրա էլ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում են նոր միջոցներ:

Ռոլանդ Սահակյանը վիրավորվել էր 2016 թվականի ապրիլի 4-ին՝ Թալիշում: 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am