Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը

20:07, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 27-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Էլիզաբեթ ֆոն Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը մեծապես կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը:

Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել են պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք  ընկերություններ և իրենց գոհունակությունն են արտահայտել տեղական արտադրանքի բարձր որակով: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:

Պատվիրակության ղեկավար Էլիսաբեթ ֆոն Կապելլերը նշել է, որ գործակալությունը նպատակադրված է աջակցություն ցուցաբերել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Շվեյցարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել թողարկվող արտադրանքի, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի որակի բարելավմանը և արտահանումների ծավալների ավելացմանը` միաժամանակ կարևորելով Հայաստանում որակի միջազգային չափանիշների ներդրումն ու սննդամթերքի անվտանգության ապահովումը:

 


© 2009 ARMENPRESS.am