Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

17:41, 26 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը  շարունակական և արդյունավետ կլինի:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել  «Արժանապատիվ աշխատանք»  ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ   ծրագրի մշակման  և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել  Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը,  աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության  և Արհմիությունների կարողությունները:

Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով  աշխատանքային խումբը, որը բաղակացած է  լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվեն լավագույն արդյունքներ:

Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է , որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ  հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր  ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ   համատեղ իրականացրած  աշխատանքների ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են  նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի այցի կազմակերպման հետ կապված հարցեր:

«Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը  քառամյա է,  նպատակ ունի աջակցելու  աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին: 


© 2009 ARMENPRESS.am