ԵԱՏՄ-ի թվային օրակարգը կընդգրկի Միության երկրների տնտեսության բոլոր ոլորտները
16:15, 26 Հունիս, 2017Նիստի գլխավոր կարեւոր արդյունքը դարձել Է այն, որ հինգ երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործումը կվերաբերի համագործակցության բոլոր ոլորտներին, ներառյալ թվային տնտեսության նոր ուղղությունները:
Կարծիքների փոխանակման ընթացքում փոխվարչապետները եկել են այն միասնական կարծիքին, որ անհրաժեշտ Է միասնական քաղաքականություն իրականացնել այդ ոլորտում: Այդ կապակցությամբ ընդունվել Է, որ հետինդուստրիալ տեխնոլոգիաների եւ գործունեության ձեւերի ներդրումը կարող Է փոփոխությունների եւ լրացումների բերել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, «Միության թվային օրակարգը հաջողությամբ կիրագործվի միայն այն դեպքում, եթե այդ ոլորտում հաջողվի ապահովել ազգային ծրագրերի ներդաշնակեցումն ու սինքրոնացումը»: Միաժամանակ ինտեգրացիոն գործընթացների եւ այն իրավասությունների միավորումը, որոնք նախագծերի իրագործման ընթացքում կուտակվել են ԵԱՏՄ-ի պետություններից յուրաքանչյուրում, թույլ կտա ընդլայնել բոլոր երկրների հնարավորությունների շրջանակը եւ լավագույն պրակտիկաների փոխանակում ապահովել:
Փոխվարչապետները պաշտպանում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հիմնական ուղղություններին ռազմավարական փաստաթղթի ձեւաչափ տալու գաղափարը, որում կձեւակերպվեն թվային տնտեսության զարգացման շրջանակներում Միության երկրների համագործակցության ուղղությունները, կառաջարկվեն իրագործման մեխանիզմները եւ գործողությունների ծրագիրը, ներառյալ անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների միջեւ լրացուցիչ համաձայնագրերի կնքումը:
Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ թվային տնտեսության ոլորտում նախագծեր ընտրելիս կարող են մշակվել Միության երկու եւ ավելի երկրների կողմից առաջարկված եւ ինտեգրացիոն ներուժ ունեցող նախաձեռնություններ: Միության երկրների փոխվարչապետները պաշտպանել են ԵԱՏՀ-ին առընթեր նախագծային կենտրոն ստեղծելու առաջարկը, որը կապահովի նախաձեռնությունների պրոֆեսիոնալ փորձաքննությունը:
© 2009 ARMENPRESS.am