Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի

17:23, 24 Հունիս, 2017
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հունիսի 24-ին մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների միության, «Յունիքոմփ» ընկերության և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Ողջունի խոսքով հանդես եկան նաև Լոռու փոխմարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, միջոցառման նպատակն է քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:

Համաժողովի օրակարգում ինժեներական ոլորտի ընթացիկ զարգացումները և հաջողություններն էին: Ներկայացվեց նաև կրթության և հետազոտությունների մարտահրավերները ինժեներական ոլորտում և առաջադեմ կիրառություններ արտադրական գործընթացներում (ավտոմատ ինքնակառավարվող մեքենաներ, 5G տեխնոլոգիաների հետազոտություն, կիսահաղորդիչների փորձարկման լուծումներ, ռադիոհաճախականային և միկրոալիքային տեխնոլոգիաների կիրառություններ (RF and microwave), Արդյունաբերական իրերի ինտերնետ (IIOT)): «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը նոր է բացվել և կենտրոնն ունի հատուկ ճարտարագիտության ուղղվածություն: Կարծում եմ միջոցառումը կդառնա ավանդական, սա նաև առիթ է քննարկելու շատ հարցեր ու առաջարկներ՝ փորձելով համադրել մարտահրավերները՝ կրթական, տեխնոլոգիական ու մարզային զարգացում»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Համաժողովին զուգահեռ ինժեներական ցուցահանդեսը բաց էր այցելունների առջև: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայություններն են ներկայացնում 25 տեղական և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Ֆեստո, Նեյշնլ Ինստթումենթս, Նաիրի-Թեք, Ռաֆա Սոլուշնս, Էլպիդա Էլեկտրոնիքս, Լոկատոր, UAV lab, Անոդ, Սեզամ, ԷՄԲՐԻ ընկերությունները, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձրտեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավել է ավելի քան 200 մասնակիցներ՝ ներկայացուցիչներ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից: Երեկոյան ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների ու հյուրերի համար ելույթ կունենա «Լավ էլի» ռոք խումբը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am