ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ

16:44, 24 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած զինծառայողները, բացի մեկից, գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»,- գրել է Հովհաննիսյանը:

Հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կիլոմետրին, Դարանակ գյուղի տարածքում, ՀՀ ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը, որի ընթացքում մեքենայի թափքը պոկվել է։ Նրանում գտնվող պայմանագրային 20 զինծառայողներից 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:


© 2009 ARMENPRESS.am