Երևանում ջերմատուն և պանրի գործարան կառուցելու նպատակով կկատարվի 200 մլն դոլարի ներդրում

16:10, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի:

«Նախատեսվում է ավելի քան 200 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 1300 մշտական աշխատատեղ, կընդլայնվի արտադրությունը, որը կնպաստի միջազգային շուկա արտահանման ծավալների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարգարյանը:


© 2009 ARMENPRESS.am