Կարեն Կարապետյանն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

15:26, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր, և Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ: Առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարևորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երևանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Կարեն Կարապետյանը և Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ:


© 2009 ARMENPRESS.am