Ծրագրային բյուջետավորման բնագավառում Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում կլինի առաջամարտիկ. Գագիկ Մինասյան

14:28, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականին կունենա 100-տոկոսանոց ծրագրային բյուջետավորում, ինչի ներդրման շուրջ տևական ժամանակ է մեր երկրում իրականացվում էին լայնամասշտաբ աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա վստահեցմամբ` այս բնագավառում Հայաստանն ԱՊՀ-ի առաջամարտիկն է:

«ԱՊՀ երկրների շարքում մենք առաջինն ենք ունենալու ծրագրային բյուջետավորում, որն էլ ավելի է բարձրացնելու մեր հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը»,- ասաց Մինասյանը` կարևորելով նաև ներքին և արտաքին աուդիտի ընդգծված գերակայությունն առաջիկա զարգացումների համար: Նրա դիտարկմամբ` եթե չկա հավուր պատշաճի ներկայացված աուդիտ, ապա մեր հարևան տնտեսավարողները չեն կարող հասկանալ մեր տնտեսական մեխանիզմները, իսկ ներդրողներն էլ առանց ներքին և արտաքին աուդիտի համապարփակ գործունեության չեն կարող վստահ լինել, որ մրցակիցների կողմից չեն հանդիպի խտրական վերաբերմունքի:

Մինասյանը կարևոր համարեց նաև բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ խորհրդարանի վերահսկողությունը: Պատգամավորը տեղեկացրեց, որ խորհրդարանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում 2018 թ. ապրիլից շրջանառության մեջ դրված հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը գործարկելու ուղղությամբ, քանի որ այն լրջագույն քայլ է վերահսկողությունից դեպի հաշվեքննություն, որը միջազգային լավագույն փորձն է պետության կողմից հաշվեքննությունն ապահովվելու:

«Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտների կիրառումը թույլ կտա, որ միջազգային հանրության և տնտեսավարող սուբյեկտների համար պարզ, հասկանալի ու թափանցիկ լինեն այն բոլոր հաշվապահական հաշվետվությունները, որոնք արվում են մեր կառավարման համակարգերում: Դրանք թույլ են տալիս բարձրացնելու հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության մակարդակը»,- ասաց Մինասյանը:


© 2009 ARMENPRESS.am