Արծվիկ Մինասյանի համար սկզբունքային է բնության հուշարձանների ճիշտ կառավարումը. Նախարարն անդրադարձել է Գոշի լճի շուրջ ստեղծված իրավիճակին

18:38, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջան ազգային պարկի պահպանության և կառավարման ներքո գտնվող Գոշի լճի հատվածում տնտեսական գործունեություն նախաձեռնողի կողմից  որևէ գործողություն չի ձեռնարկվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չկա հստակ նախագիծ, որն անցել է պատշաճ քննություն, հանրության հետ քննարկվել է և հավանության է արժանացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքով` լճում իրականացվում են մաքրման աշխատանքներ:

«Եղանակային պայմանները պարզապես թույլ չեն տալիս, որ այն շատ արագ ավարտվի, բայց հենց արևային եղանակ է լինում` աշխատանքները շարունակվում են, որպեսզի լճից հանված տիղմը հեռացվի: Լիճն աստիճանաբար ինքնավերականգման սխեմայով գալիս է իր տեսքին: Պատասխանատուները կրել են պատիժներ, ազատվել են աշխատանքից: Նախաձեռնողի համար սահմանվել է վարչական պատասխանատվություն, որոշվել է վնասի վերականգման չափը, որը պետք է վճարվի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ առհասարակ իրենց համար սկզբունքային նշանակություն ունեն այդպիսի բնության հուշարձանների ճիշտ կառավարումը: Նախարարի կարծիքով` բնության հուշարձանները կարող են օգտակար լինել մեր քաղաքացիներին, բնակչությանը, զբոսաշրջությանը՝ միայն էկոլոգիապես հիմնավորված ծրագրերի հիմքում:

«Այն կարող է լինել հավատարմագրային, կոնցեսիոն կառավարման տեսքով, կարող է նույնիսկ վարձակալության տեսքով լինել, բայց մեր քաղաքականությունը այն է, որ բոլոր նմանատիպ բիզնես ծրագրերը նախապես պետք է ունենան հանրության կողմից հավանություն»,- ընդգծեց բնապահպանության նախարարը:


© 2009 ARMENPRESS.am