Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին

11:29, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Տոկիոյում մերձավորարևելյան զարգացումների մասին իր ելույթի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե գյուլենականները ներգրավված են որոշ երկրների հետախուզական ծառայություններում: «Գյուլենականները շատ ակտիվ են նաև Ճապոնիայում և մեծ սպառնալիք են այստեղ ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա հայտնել է, որ խնդրի առնչությամբ տեղեկություններ է փոխանցել Ճապոնիայի իշխանություններին:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Աշխատանքից հեռացվել է ավելի քան 100 հազար մարդ:


© 2009 ARMENPRESS.am